Երևանի ՋԷԿ-ը թմրամիջոցներ կներմուծի
Փաստինֆոն գրում է. Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում տեղ է գտել նախագիծ, որով նախատեսվում է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա տրամադրել:
Առաջին հայացքիչ ոչ մի տարօրինակ բան չկա, եթե հաշվի չառնենք, որ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը նույն Երևանի Ջերմաէլեկտրակայանն է` հիմնադրված 1963թ., որը 1997թ. վերակազմակերպվել է «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի:
Կառավարության որոշման նախագծից պարզ է դառնում, որ լիցենզիան տրամադրվելու է երեք տարի գործողության ժամկետով:
Ի դեպ, նախագծի մշակմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը:
Հիշեցնենք՝ մինչ այժմ այս ընկերությունը բացառապես էներգետիկ բնագավառի հետ կապված գործունեություն է իրականացրել: Իսկ ս.թ. մարտից պատասխանատվություն է ստանձնել՝ Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման համար` այդ գործընթացում փոխարինելով Որոտանի կասկադ ՀԷԿ–ին:
Իսկ թե ինչու՞ է Երևանի ՋԷԿ-ը որոշել նաև թմրանյութերի ներկրմամբ զբաղվել, թերևս պարզ կդառնա արդեն կառավարության նիստում:
