Երևանի կրկեսի կոլեկտիվը Արցախում զինծառայողների համար հանդես է եկել ելույթներով
Երևանի կրկեսի կոլեկտիվը վերադարձել է Արցախից, ուր հյուրախաղերի էր մեկնել և 10 օր շարունակ իր ելույթներով հանդես է եկել ԼՂՀ Զինված ուժերի զինծառայողների համար:
Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սկսած 1999 թվականից Երևանի կրկեսի ստեղծագործական կոլեկտիվը յուրաքանչյուր տարի համերգային ելույթներ է կազմակերպում Արցախի տարբեր զորամասերում: Այս տարվա հյուրախաղերի ծրագրում երեք նոր համար է եղել ընդգրկված՝ կրկեսի երիտասարդ արտիստ Համլետ Օհանյանի՝ գլխարկներով ձեռնածության համարը, Արսեն Կիրակոսյան և Արման Գաբրիելյան դուետի ցուցադրած գնդակներով կոմիկական ձեռնածությունը, ինչպես նաև Անի Գասպարյանի «Անտիպոդ» ակրոբատիկ համարը:
Այս անգամ դերասանները նաև հենց զինվորներին են առաջարկել ինչ-որ հետաքրքիր համար ցուցադրել՝ կրկեսային հնարքներ, կարելի էր նաև երգել, պարել կամ մարմնամարզական ակրոբատիկայի տարրեր ներկայացնել. հաղթողին որոշել են հենց իրենք՝ զինծառայողները։ Մրցանակն արտահերթ արձակուրդն էր, որի վերաբերյալ կրկեսային թատերախումբը գլխավորող, Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը նախօրոք պայմանավորվել էր ԼՂՀ բարձրագույն զինվորական ղեկավարության հետ:
Երևանի կրկեսը հյուրախաղային ծրագրով մտադիր է առաջիկայում մեկնել Լոռու մարզի քաղաքներ: