Երևանի Քաղաքապետարանը տեղյակ չէ այսօր ինչ օր է
Shabat.am-ը գրում է. Այսօր ամբողջ աշխարհում նշում են Երիտասարդության համաշխարհային օրը, որից անմասն չենք մնում նաև մենք: Չնայած այն փաստին, որ Երևանի Քաղաքապետարանը և Մշակույթի Վարչությունը տեղեկցված չէին այս հիասքանչ տոնի մասին, նշենք, որ Երիտասարդության համաշխարհային օրը այդքան էլ անկազմակերպ չի նշվելու մեր քաղաքում, ավելին, տոնի խորհրդով է շարժվել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, որոնք մեկնարկեցին երիտասարդական տոներին նվիրված մեկշաբաթյա միջոցառումների շարք, որը մեկնարկեց արյունատվական ակցիայով: Ակցիային մասնակցում են ավելի քան 200 երիտասարդներ՝ տարբեր բուհերից, հասարակական կազմակերպություններից, կամավորներ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ նման ակցիաներ պարբերաբար անցկացվում են, և շատ կարևոր է երիտասարդների միջոցով բարձրաձայնել այն մասին, որ Հայաստանում անվարձահատույց դոնորի խնդիր կա և նման ակցիաները մեծ ոգևորությամբ են ընդունվում:
«Ես շնորհավորում եմ մեր երիտասարդներին այս օրվա առթիվ, և ցանկանում ասել, որ մեր երիտասարդները տարբերվող են, մրցունակ ,նպատակասլաց և օգնող»,- հավելեց Կարեն Ավագյանը:
Վերհիշելով նաև Արմեն Աշոտյանի շնորհավորանքը և ափսոսանքը, որ «դեռ չունենք երիտասարդներին նվիրված օր մեր պետական տոնացույցում», հուսանք, որ հաջորդ անգամ Երևանի քաղաքապետարանը կշտկի այս փոքրիկ բացը՝ փոքրիկ միջոցառում կազմակերպելով:
