Երևանի քաղաքապետը պարգևատրել է մի շարք ոլորտների ներկայացուցիչների
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետը բարձր է գնահատել յուրաքանչյուրի ներդրումը և շնորհակալություն հայտնել տարբեր ոլորտներում 2014 թվականի ընթացքում կատարված մեծածավալ արդյունավետ աշխատանքի ու գրանցած ձեռքբերումների համար:
«Տոնական այս առիթով ուզում եմ ոչ միայն շնորհավորել, այլև շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրված, բարեխիղճ աշխատանքի համար: Տարեվերջյան այս ամփոփումներով արձանագրում ենք նշանակալի ձեռքբերումներ, որոնք յուրաքանչյուրիս մեր տեղում ու մեր գործում ունեցած սրտացավ ու նվիրված աշխատանքի արդյունքն են:
Համոզված եմ, որ հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, նույն եռանդով ու սրտացավությամբ պիտի շարունակեք աշխատել նաև հաջորդ տարի: Նվիրված աշխատանքը, փոխադարձ վստահությունը, մեզանից յուրաքանչյուրի եռանդը և ներդրումը, վստահաբար, ավելի լավն է դարձնում Երևանը: Կրկին շնորհավորելով Ամանորի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորին: Ու թող որ 2015 թվականը խաղաղություն և բարօրություն բերի մեր երկրին, քաղաքամայր Երևանին ու մեր ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևան քաղաքի առողջապահության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների, նշանակալի ավանդի և երկարամյա վաստակի համար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով: Երևան քաղաքում պետական, հասարակական նշանակալի գործունեություն ծավալելու, երկարամյա և անմնացորդ աշխատանքի համար «Արգիշտի Առաջին» հուշամեդալով է պարգևատրվել նաև «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Յուրի Ջավադյանը:
Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ դասական երաժշտարվեստի տարածման և Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած զգալի ավանդի համար Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ինչպես նաև կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ, կապիտան Խաչիկ Մկրտչյանը մայրաքաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված երկարամյա անբասիր գործունեության համար արժանացել է քաղաքապետի ոսկե մեդալի:
