Երևանում 29-ամյա վարորդը` ոչ սթափ վիճակում Mercedes-ով խոշոր ավտովթարի հեղինակ
Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Ռաֆիկ Քոթանջյանի վարած Mercedes մակնիշի 61 PP 616 համարանիշի և 31-ամյա Վարդգես Ասատրյանի վարած Daihatsu մակնիշի 34 MD 770 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդները և Daihatsu մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 28-ամյա Մարինե Ղուկասյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա երեխաները՝ 4-ամյա Մերի և 8-ամյա Մարտին Ասատրյանները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Daihatsu-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել և ավտոմեքենաներից դուրս են բերել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները և քաղաքացիները, իսկ օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոցներ:
