Երևանում առևանգել են ազգությամբ եզդի ՌԴ քաղաքացուն ու 4 մլն ռուբլի փրկագին պահանջել
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ օրերս Երևանում առևանգել են ՌԴ քաղաքացի, ազգությամբ եզդի 53- ամյա Ռուստամ Իբոյանին՝ որպես փրկագին պահանջելով մոտ 4 մլն ռուբլի։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին՝ Դավիթաշենում գտնվող «Բադեն Բադեն» հյուրանոցային համալիրի մոտ։
Իբոյանի կինը, լինելով Երեւանում, ամուսնու առեւանգման մասին իմացել է Ռուսաստանում բնակվող ամուսնու եղբորից։ Իբոյանին ազատ արձակելու համար նրան առեւանգողները կապ են հաստատել Ռուսաստանում բնակվող եղբոր հետ եւ որպես փրկագին՝ պահանջել 4 մլն ռուբլի։
Իրավապահ մարմինների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների, քննիչների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է շատ արագ հայտնաբերել տղամարդուն առեւանգելու մեջ կասկածվողին, որի արդյունքում նոյեմբերի 15-ի երեկոյան Ռուստամ Իբոյանն ազատ է արձակվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
