Երևանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության՝ տարածաշրջանում միակ մասնաճյուղը
Այսօր Երևանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում:
Ինչպես մասնաճյուղի բացմանը նվիրված միջոցառմանը նշեց կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգայդիսը, Հայաստանն այն երկրներից մեկն է, որը վավերացրել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ստեղծման պայմանագիրը, որով Հայաստանը «շատ ակտիվորեն ու շատ արդյունավետ ձևով ներգրավվեց մեր կազմակերպության շարքերում»:
Սպիրիդոն Ֆլոգայդիսն ընդգծեց, որ Հունաստանն այն երկիրն է, որտեղ ծնունդ է առել ՀԻԵԿ-ն, իսկ Հայաստանն էլ այն պատմական երկիրն ու հողն է, որտեղ Արարատ լեռան ստվերի ներքո Աստված խաղաղություն է կնքել մարդկային տեսակի հետ, որը, մանկուց է հայտնել, մարդկության ծննդավայրն է:
Կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգայդիսը վստահություն հայտնեց, որ մասնաճյուղը մեծ ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանում՝ իր գործունեությամբ ու ծավալով: Արդեն իսկ, ըստ նրա, շատ աշխատանք է կատարվել Հայաստանում՝ «տեղական բարեփոխումների ուժերի հետ ձեռք-ձեռքի տված»:
ՀԻԵԿ տնօրենների խորհրդի նախագահը պատրաստակամություն հայտնեց ընդլայնել ու խորացնել համագործակցությունը հայ գործընկերների հետ:
Շնորհակալություն հայտնելով մասնաճյուղը կազմակերպելու համար՝ Տնօրենների խորհրդի նախագահը հայտնեց, որ ինքը գիտե, որ «արդեն իսկ գաղափարներ, մտքեր ունեք, թե ինչպես եք զարգացնելու այդ մասնաճյուղը որպես գործընկերների հետ համագործակցության զարգացման օղակ»:
ՀԻԵԿ-ը պատրաստակամ է մասնաճյուղի միջոցով զարգացնել կազմակերպության գործունեության բոլոր ուղղությունները՝ կրթություն, հետազոտություն, ուսուցում և ինստիտուցիոնալ հաստատությունների կառուցում ու զարգացում: Դիմելով երևանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Մինասյանին՝ Սպիրիդոն Ֆլոգայդիսը նշեց՝ «Դուք կառաջնորդեք այդ գործընթացը, Դուք մեր տնօրենների խարհրդի անդամն եք», «մենք էլ կազմակերպության կենտրոնակայանից կաջակցենք Ձեզ, որպեսզի Դուք իրականացնեք այն նախաձեռնությունները, որ, մենք վստահ ենք, Դուք ունեք»:
