Երևանում ծեծել են տղամարդու
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացուն առեւանգելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե
նախաքննության ընթացքում պարզվել են քաղաքացու առեւանգման մանրամասները։ Քննության տվյալներով՝ Երեւան քաղաքի բնակիչ Է.Գյուլնազարյանը, Գ.Գեւորգյանին առեւանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով չորս անձանց հետ, Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցում 2015թ. հունվարի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գ. Գեւորգյանի կամքին հակառակ, նրան նստեցրել է «Վազ-21110» մակնիշի ավտոմեքենան եւ տեղափոխել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոտնակներից մեկը։ Գեւորգյանը շուրջ 40 րոպե ապօրինի պահվել է ավտոտնակում եւ ծեծի ենթարկվել:
Նախաքննության ընթացքում՝ 09.01.2015թ.՝ ժամը 16:40-ին, 1975թ. ծնված Է.Գյուլնազարյանն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին եւ նույն օրը ձերբակալվել:
2015թ. հունվարի 12-ին Է.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներ՝ ավտոմեքենան եւ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
