Երևանում դատարանը մերժել է բեղմնավորված սաղմի վրա դրված կալանքը հանելու միջնորդությունը
1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորած սաղմը կալանքից հանելու Նինա Կուցանյանի միջնորդությունը՝ համարելով, որ այն անհիմն է:
Հիշեցնենք, որ դատարանը կալանք է դրել «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորած սաղմի վրա, որը պետք է արդեն իսկ տեղադրված լիներ փոխնակ մոր արգանդում: Իսկ խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ քաղաքացի Նինա Կուցանյանը առողջական խնդիրներ ունենալու պատճառով դիմել էր «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն՝ արտամարմնային բեղմնավորման մեթոդով երեխա ունենալու համար: Դիմելուց հետո կլինիկայի և Նինայի միջև կնքվել էր պայմանագիր, աղջիկն անցել էր բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, հայտնվել էր նաև դոնորը՝ ռազմական ոստիկանության մայոր Հովհաննես Հովհաննիսյանը, որն աղջկա նախկին ընկերն է եղել և տվել է դոնոր դառնալու իր համաձայնությունը: Սակայն աղջկա հետ վիճելուց հետո որոշել է, որ չի ցանկանում իր սերմից բեղմնավորված սաղմից երեխա ծնվի:
Դատարանն էլ դեկտեմբերի 8-ի որոշմամբ դոնորի հայցի հիման վրա կալանք է դրել արդեն իսկ բեղմնավորված սաղմի վրա: Այս պահին բեղմնավորված 8 առողջ սաղմը գտնվում է բժշկական կենտրոնի համապատասխան սառնարաններում, սակայն Նինայի խոսքով՝ սաղմի պահման որոշակի ժամկետ կա, որից հետո այն դառնում է անպիտան է և ենթակա է դեն նետման:
«Ու հիմա դատարանը իր գործողություններով գնում է դրան, որ ամեն ինչ այդպես էլ ավարտվի: Ով գիտի՝ այս գործն ինչքան կտևի, առաջիկայում էլ տոն օրեր են: Ու դեռ հարց է՝ երբ կավարտվի գործի քննությունը: Այս ամենը ուղղակի աբսուրդ է: Հայաստանում միայն երեխաների վրա կալանք չէին դրել, դրան էլ ականատես եղանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նինան՝ ավելացնելով, որ դատարանը չէր կարող կալանքի տակ առնել սաղմը նաև այն պատճառով, որ սաղմը նյութական արժեք չի կարող դիտվել: Իսկ կալանք դրվում է միայն նյութական արժեքների վրա:
