Երևանում և Գյումրիում կլինի մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների
Երևանում հունվարի 13-ին կանցկացվի մոմավառություն ի հիշատակ Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի:
Մոմավառությունը կկայանա ժամը 19-ին Ազատության հրապարակում: «Սա բոլորիս ցավն է, և մեր պարտքն է ազգովի հարգանքի տուրք մատուցել մեր հայրենակիցներին: Եկեք մոմավառության այս միջոցառումը չքաղաքականացնենք, ուղղակի ի հիշատակ Ավետիսյանների մեկ մոմ վառենք միասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մի խումբ գյումրեցի երիտասարդների նախաձեռնությամբ հունվարի 12-ին կազմակերպվել էր երթ և մոմավառություն' տեղի ունեցած ողբերգական դեպքի անմեղ զոհերի հիշատակին:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Կասկածյալին' ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովին, ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նա տվել է առաջին ցուցմունքը և խոստովանել հանցանքը:
