Երևանում հնարավոր է ձյուն
Առաջիկա 5 օրերի ամենացուրտ գիշերը կգրանցվի այսօր` նոյեմբերի 4-ին, այսօր երեկոյան նա թույլ ձյան հավանականություն կա մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում եւ Արարատյան դաշտում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ հյուսիս-արեւմուտքից մոտեցող ցուրտ հոսանքի հետեւանքով մայրաքաղաքում սպասվում է 3-5 աստիճան ցուրտ։ Սակայն նոյեմբերի 6-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը՝ հյուսիսից հարավ-արեւմտյանի, եւ օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երեւանում կլինի մինչեւ 13 աստիճան տաքություն։ Ընդհանուր առմամբ, նոյեմբերին, ջերմաստիճանը լինելու է նորմայի սահմաններում։ «Բացասական շեղումներ կլինեն նոյեմբեր ամսվա 1-ին տասնօրյակում կամ մինչեւ նոյեմբերի 6-ը, այնուհետեւ օդի ջերմաստիճանը կբարձրանա եւ կմոտենա իր կլիմայական նորմային։ Նոյեմբերի 2-րդ տասնօրյակում ջերմաստիճանը լինելու է նորմայի սահմաններում։ Նախորդ տարվա համեմատ ցուրտ նոյեմբեր է, սակայն 2007թ. էլ է նման ցուրտ նոյեմբեր գրանցվել»,- ասաց Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով՝ վերջին 2 օրերին երեկոյան ժամերին եւ գիշերը, ամբողջ հանրապետությունում դիտված ջերմաստիճանի կտրուկ անկումը պայմանավորված էր նոյեմբերի 2-ին երեկոյան ժամերին սկանդինավյան շրջաններից հանրապետության տարածք ներթափանցած ցուրտ հոսանքներով։
