Երիտասարդն արդարացվեց շուրջ երեք տարի կալանքի տակ մնալուց հետո
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Յու.Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է Բալահովիտ գյուղի 23-ամյա բնակիչ Նոյ Մուսայելյանին:
Արդարացման դատավճռի համար հիմք է հանդիսացել մեղադրող Արման Գասպարյանի՝ մեղադրանքից հրաժարվելը:
Նոյ Մուսայելյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավազակություն և ապօրինի զենք: Ըստ մեղադրանքի, երիտասարդը 2012թ. հունվարի 25-ին, ժամը 16-30-ի սահմաններում, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ, ապօրինի մուտք է գործել Երևան-Սևան մայրուղու Վերին Պտղնի գյուղի հատվածում գտնվող «Վանուհի-Վահան» ՍՊԸ-ին պատկանող «Ֆլեկսո» տպարանի գրասենյակ, որտեղ հարձակվել են ընկերության հիմնադիր Ալեքսանդր Ստեփանյանի և Սոնյա Ֆարմազյանի վրա և, նրանց դիմադրության հնարավորությունից զրկելու նպատակով, կպչուն ժապավենով և պարաններով կապկպել են վերջիններիս ձեռքերը և ոտքերը: Դրանից հետո անհայտ անձը դանակով, իսկ Նոյ Մուսայելյանը ատրճանակով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող կռփազենքի գործադրմամբ, Ալեքսանդր Ստեփանյանի և Սոնյա Ֆարմազյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, որն արտահայտվել է Ա.Ստեփանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, հափշտակել են նրա տաբատի գրպանում գտնվող խոշոր չափի՝ 700 000 դրամ և 100 ԱՄՆ դոլար, գումար ու դիմել վախուստի:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նոյ Մուսայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը (նա Մուսայելյանի պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Լուսինե Սահակյանի հետ համատեղ), ինքը հաճելիորեն զարմացած է դատախազի հայտնած դիրքորոշման կապակցությամբ: Նա ցանկություն հայտնեց, որպեսզի ապացույցների նման ճիշտ գնահատականներ տրվեն որքան հնարավոր է շատ գործերով:
Նշենք, որ Նոյ Մուսայելյանը կալանքի տակ էր գտնվում 2 տարի և 11 ամիս:
