Երկրի բնակիչները կարող են տեսնել «Սուպերլուսնի» ամբողջական խավարում
Մեր մոլորակի տարածաշրջանների մեծ մասի բնակիչները կիրակի լույս երկուշաբթի գիշերը կկարողանան մեկ ժամ շարունակ տեսնել «Սուպերլուսնի» ամբողջական խավարումը: Ինչպես հիշեցրել է NASA-ն, դա հազվադեպ պատահող երևույթ է, ինչը տեղի է ունեցել 1982 թվականին և կկրկնվի 2033 թվականին՝ հայտնում է TASS-ը:
Աստղագետները Լուսինն անվանում են սուպեր, երբ այն գտնվում է Երկրից ամենամոտ հեռավորության վրա: Այս տարի Արեգակնային համակարգի մարմինների որոշակի դասավորության շնորհիվ այդ պահը կհամընկնի Լուսնի ամբողջական խավարման հետ:
«Լուսնի ամբողջական խավարումը տեսնել կկարողանան Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայի արևմտյան մասում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևելյան մասում»,- հայտնում է NASA-ն: Ռուսաստանում այն կտեսնեն եվրոպական մասի և արևմտյան Սիբիրի բնակիչները:
Լուսնի ամբողջական խավարումը կսկսվի տեղական ժամանակով ժամը 6:47-ին և կշարունակվի 1 ժամ 12 րոպե:
