Երկու ամսական երեխայի մահվան պատճառները չեն բացահայտում
Հունվարի 17-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում երկու ամսական երեխա է մահացել: «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի խոսքով՝ երեխային հիվանդանոց են բերել արդեն մահացած վիճակում:
«Երեխան ջերմություն չի ունեցել, մենք նաև այցելել ու համոզվել ենք, որ տանը ընտանիքի անդամներից ոչ մեկը գրիպ չի եղել, ջերմող չի եղել, այսինքն` չենք կարող սա կապել սուր շնչառական վիրուսների հետ»,-Fnews.am-իհետ զրույցում ասաց «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ երեխան ծնվել է թերհաս, բայց ժամանակի ընթացքում նորմալ քաշ է հավաքել: «Մահվան պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշեց կենտրոնի տնօրենը:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երեխան իրենց հիվանդանոցում նախկինում բուժօգնություն չի ստացել: «Տեղամասային մանկաբույժից տեղեկացել ենք, որ երեխան առողջական խնդիրներ է ունեցել:Մանկաբույժը կանչել է՝ պատվաստում անելու, ծնողները ասել են՝ երեխան վատառողջ է, ծանոթ բժշկի մոտ բուժվում է, վիճակը լավանում է: Տեղամասի բժիշկը նույնպես տեղյակ չի եղել, թե երեխան ինչ հիվանդություն ունի:»,- ասաց Հովհաննիսյանը:
