Երկու հարևաններ կրակել են իրար վրա
Փաստինֆոն գրում է.Կոտայքի մարզի Պտղնի գյուղում 20 օր առաջ կենցաղային հարցերի շուրջ երկու համագյուղացիների միջև սկսված վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով:
Մի կաթիլ մեղրի հեքիաթը հիշեցնող այս իրական պատմությունը բարեբախտաբար ողբերգական ավարտ չի ստացել:
Հոկտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում Պտղնի գյուղի բնակիչներ Վիրաբյանն ու Բաղդասարովը պարբերաբար վիճել են միմյանց հետ, հրապարակավ միմյանց հասցեին հայհոյանքներ տվել:
Մի անգամ էլ Բաղդասարովն իր ավտոմեքենան վարել է դեպի Վիրաբյանի տան կողմն ու դիտավորյալ հարվածել դարպասին:
Դրանից հետ էլ երկու համագյուղացիներն սկսել են իրենց հրացաններով փոխադարձ կրակահերթեր արձակել միմյանց ուղղությամբ:
Աբովյանի քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության մեղադրանքով:
Ի դեպ, հետաքրքրական է, որ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, միմյանց վրա կրակած պտղնեցիներից ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչել:
Ավելին` նրանց հարազատներն էլ պնդել են, թե նրանք կրակել են հավաբույն մտած աղվեսի, կամ, ասենք, պատշգամբին նստած ագռավների վրա և պատահաբար փշրել տան պատուհանները:
