Երկու թեկնածու՝ երկուսն էլ նախկին գյուղապետի տնից
Կոտայքի մարզի Հանքավան գյուղական համայնքի ղեկավարի նոյեմբերի 23-ին անցկացվելիք արտահերթ ընտրությանը սահմանված ժամկետում ինքնաառաջադրվել է անկուսակցական երկու թեկնածու:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երկուսին էլ գրանցել է:
Ըստ այդմ՝ գյուղապետի պաշտոնին հավակնում են գյուղապետի տեղակալ Շահեն Հակոբյանը, ով նախկին գյուղապետի եղբայրն է, և ոչ մի տեղ չաշխատող Սելվինազ Պետրոսյանը:
Ի դեպ, ըստ ընտրողների ռեգիստրի, նախկին գյուղապետը և գյուղապետի երկու թեկնածուները հաշվառված են Հանքավանում՝ նույն հասցեում:
Նշենք, որ, ըստ Հանքավան գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու մասին ՀՀ կառավարության հոկտեմբերի 9-ի որոշման հիմնավորման՝ համայնքի ղեկավար Հակոբ Հակոբյանը հրաժարական է տվել՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ և արտերկրում բուժման անհրաժեշտությամբ:
