Երկու տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել
Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա փոխանցմամբ, տեղամասային հանձնաժողովներում ներգրավված են 15976 քաղաքացիներ:
«Այս անգամ տեղամասային կենտրոններում առաջին անգամ քվեարկությունն ընթանում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8.00-ի դրությամբ բացվել են տեղամասային կենտրոնները, սկսվել է նաեւ սարքերի գործարկումը: Ունենք նաեւ այդ սարքերի մասնագետի փոփոխման մեկ դեպք՝ առողջական խնդիրների պատճառով: Երկու տեղամասերում խափանում է արձանագրվել, ընտրություններն սկսվել են համարակալված կտրոններով: Փորձում են արագ կարգի բերել սարքավորումները»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքով, ընտրությունները կվերահսկեն միջազգային 650 եւ տեղակամ մոտ 22 000 դիտորդ, տեղամասերի մոտ 92 տոկոսում ներկա են գտնվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
