«Երրորդմասցի Լյովիկի» գործով իրեղեն ապացույցները փչացված են (Տեսանյութ)
hraparak.am-ը գրում է.Այսօր Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատավարությունը:
Այսօրվա նիստին իրեղեն ապացույց համարվող զենք-զինամթերքը զննության ենթարկվեց: Փորձաքննությունը կատարեց փորձագետ Արայիկ Ասլանյանը: Պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանը, հետևելով փորձաքննության ընթացքին, ասաց, որ իրեղեն ապացույցներ համարվող զենք-զինամթերքը փչացված են, վերջիններս պատշաճ ձևով փաթեթավորված չեն, կնիքն էլ բացակայում է: Փաստաբանը, որպեսզի դատարանին և փորձագետին ապացուցի, որ համապատասխան փաթեթավորված չէ, առանց փաթեթը վնասելու հեշտությամբ կարողացավ բացել և հանել զենքը:
Բոլոր զենքերը փորձաքննության ենթարկելիս փաստաբանը դատավորի ուշադրությունը հրավիրում էր այն բանի վրա, որ ոչ մի ապացույց համարվող օբյեկտ համապատասխան չի փաթեթավորվել, առանց կնիքի է, փաթեթը հեշտությամբ կարելի է բացել և փակել: Դակիչով և ձկան թելով ամրացված փաթեթը բացելու համար դատավորից թույլտվություն խնդրեց, ինչին չառարկեց նաև փորձագետը, սակայն դատավորը թույլ չտվեց, որ Լուսինե Սահակյանը բացի փաթեթը:
Փորձաքննության ընթացքում ամբաստանյալները՝ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») և Սարգիս Գրիգորյանը (Ծգլ) ժամանակ առ ժամանակ ինչ- որ արտահայտություններ էին անում՝ ասելով՝ կուզեն կբացեն, դեմքի արտահայտությամբ ցույց էին տալիս, որ դժգոհ են փորձաքննության ընթացքից:
Նշենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը (Ծգլ) նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք: 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Փորձաքննությունից հետո դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա նոյեմբերի 8-ին:
մանրամասն՝այստեղ:
