Երուսաղեմի հայոց պատրիարքի պատասխանը Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի նամակին
Երուսաղեմի հայոց պատրիարք, ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյանը հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին ուղղված նամակով՝ ի պատասխան վերջինիս նամակի։
Նամակում ասվում է.
«Ամենապատիվ Պատրիարք Հայր,
Սրբազան Եղբայր,
Ձերդ Ամենապատվության կողմից համացանցով տարածված անթվակիր և անստորագիր նամակն անշուշտ հասավ նաև ինձ: Ասել, թե շանթահար և ապշահար եղա Երուսաղեմի Առաքելական Ս. Աթոռի գահակալի ոճից, բառապաշարից և նվազագույն պատշաճություններն իսկ միտումնավոր կերպով խախտելու անկաշկանդ և անզուսպ «ազատությունից» (ինձանից հատուկ ջանքեր պահանջվեցին, որպեսզի չօգտագործեի «լկտիություն» բառը), կնշանակեր` ոչինչ չասել: Իմ ամենավատ երազում իսկ չէի կարող երևակայել այն, ինչ ես ընթերցեցի մեսրոպատառ հայերենով…
Անկեղծ ասած, հաջորդող օրերին մնայուն տատամսումի մեջ էի` պատասխանե՞լ, թե՞ չպատասխանել Ձերդ Ամենապատվության նամակին` ի մասնավորի իմ անձին ուղղված սին մեղադրանքներին և անարգական արտահայտություններին: Ընդհանրապես, 26 տարվա իմ հոգևոր ծառայության մեջ խիստ հազվադեպ են եղել ինձ ուղղված գրավոր հրապարակային մեղադրանքները, որոնց պատասխան տալու անհրաժեշտություն երբեք չեմ զգացել: Բայց ինչպես բխում էր Ձերդ Ամենապատվության նամակից, իմ լռությունը կարող էր Ձեր կողմից ընկալվել իբրև համաձայնության նշան…
Սակայն մյուս կողմից Ձերդ Ամենապատվության նամակի «տրամաբանությունը» նաև այն կանխավարկածն էր առաջ քաշում, որ Ձեր իբրև թե «կուռ և կշռադատված» մեղադրանքներին կհամարձակվեն պատասխանել սոսկ Վեհափառ Հայրապետի «մանկլաւիկները»` այն էլ պարզապես «տարուած գրպաններու ապահովութենէն»…
Ուրեմն ի՞նչ անել, երբ մի դեպքում Ձերդ Ամենապատվության կողմից ընկալվելու էի իբրև համամիտ (Աստված մի արասցե) Ձեր տեսակետին, մյուս դեպքում` իբրև «մանկլաւիկը» Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ոչ այնքան երկար մտորումներից հետո ի վերջո եկա այն համոզման, որ Վեհափառ Հայրապետի «մանկլաւիկ» որակվելը շատ ավելի մեղմ վիրավորանք կարող է լինել ինձ համար, քան Ձերդ Ամենապատվության հետ համամիտ նկատվելը: Իսկ իմ սիրելի եղբայրներ Բագրատ և Հովակիմ սրբազանների բաց նամակներից հետո լուռ մնալն արդեն պարզապես անհասկանալի կլիներ: Ուստիև սկսում եմ իմ զրույցը Ձերդ Ամենապատվության հետ…
Ամենապատիվ Պատրիարք Հայր, Սրբազան Եղբայր,
Դուք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում (անշուշտ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն էլ նկատի ունենալով) եպիսկոպոսական աստիճան ունեցող այն «միակ, եզակի և բացառիկ» հոգևորականն եք, ում հետ գլուխ գլխի զրուցելու հնարավորություն ես երբեք չեմ ունեցել (մինչ անձնական զրույցներ ունենալու առիթներ եմ ունեցել նաև երջանկահիշատակ Վազգեն և Գարեգին Ա Վեհափառների, Եղիշե, Շնորհք, Թորգոմ և Գարեգին պատրիարքների, Տիրան Ներսոյան, Սիոն Մանուկյան և Նորայր Պողարյան սրբազանների հետ): Առիթներ անշուշտ շատ են եղել, նամանավանդ 2007 թ. Ս. Զատկին` իմ այցելության ընթացքին, սակայն Դուք մշտապես, դեռ Ձեր և իմ վարդապետության տարիներից սկսած, միշտ վերևից եք նայել ինձ` թերևս ավելորդ համարելով իջնել Ձեր բարձունքից և Ձեր կրտսեր եղբոր հետ մի քանի մտերմիկ խոսք փոխանակել: Արդ ցավում եմ, որ մեր առաջին զրույցը Ձեր իսկ սադրանքով նման երանգ և բնույթ է ստանում:
Ես, իբրև Վեհափառ Հայրապետի «մանկլաւիկ», երկար-բարակ կարող էի խոսել Ձերդ Ամենապատվության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրված «գնահատականների» մասին և «զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք» սկզբունքով իջնել Ձերդ Ամենապատվության խոսքի և գործի մակարդակին, սակայն այդ դեպքում ամեն ինչով կնմանվեի Ձեզ, ինչի ցանկությունը բնավ չունեմ: Ուստի այդ առումով պարզապես ի խորոց սրտի աղոթում եմ, որ Ամենակալն Աստված այնքան երկար կյանք պարգևի Ձերդ Ամենապատվությանը, որպեսզի Ձեր զղջումի և ցավի կսկիծը հնարավորինս երկար տևի` Ձեր իսկ կողմից հարուցված այն անիմաստ խնդիրների ու ցնցումների համար, որ պատճառեցիք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն, հատկապես Մայր Աթոռին, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին և ի մասնավորի նաև հենց Երուսաղեմի Պատրիարքությանն ու միաբանությանը` ընդամենը հազիվ երկու տարվա գահակալության ընթացքում:
շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
