Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Հատուկ քննչական ծառայության քննիչը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախիկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են ՀՔԾ-ից։
ՀՔԾ-ի պնդմամբ՝ Զախարյանը և Լալայանցը կատարել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների») նախատեսված հանցավոր արարքներ. «Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2 միլիարդ 990 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10 հազար քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով` 164 միլիոն 760 հազար ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, և հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից»:
Միաժամանակ, ըստ ՀՔԾ-ի, «նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: