Եռյակը չգիտակցելով նույնիսկ, բայց միևնույն է` սպասարկելու է Ռոբերտ Քոչարյանի շահը
«Եռյակը չգիտակցելով նույնիսկ, բայց միևնույն է` սպասարկելու է Ռոբերտ Քոչարյանի շահը»,- այսօր այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Քոչարյանի վերադարձի մասին լուրերին և տեսնո՞ւմ է արդյոք Քոչարյան-եռյակ կապ:
Ավելին, Արարատ Զուրաբյանն անգամ սցենարն է պատկերացնում, վստահ է՝ եթե լարվածություն առաջանա, բանակցությունների սեղանին կնստեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին անգամը չէ, կգտնեն հաշտության եզրեր և զարգացման սցենարներ»,-ասում է Արարատ Զուրաբյանը:
Վերջինիս կարծիքով՝ եռյակի գոնե երկու ուժերն ազնիվ մղումներ ունեն, վերջինս նկատի ունի ՀԱԿ-ին և Ժառանգությանը․«Բայց գիտեք ինչ, երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է, իսկ այս պարագայում երաժշտություն պատվիրողն այդ երկու քաղաքական ուժերը չեն»,- նշում է Զուրաբյանը:
Այստեղ ՀՀՇ վարչության նախագահը տեսնում է միայն համամասնության, թե ով իշխանության բաժանումից ինչ բաժնեմաս կվերցնի, ցավում է միայն, որ բոլորը չէ, որ գիտակցում են՝ հասարակությունն այստեղ անելիք չունի: Իսկ ընտրություններին 3-5 հազարական դրամներ վերցնող ընտրազանգվածն, ըստ Զուրաբյանի, հիմա մի բանի ականատես է, որ թե իշխանական, թե ոչ իշխանական ուժերը ֆինանսապես բավականաչափ ուժեղ են, և ինքը հայտնվում է շահեկան վիճակում:
«Ցավում եմ սրա համար, կուզեի, որ այդպես չլիներ, նույն եռյակում բազմաթիվ են մարդիկ, որոնց հետ երկար ճանապարհ եմ անցել, ընդհանրապես կարծում եմ՝ որ եռյակի մի ստվար հատված մոլորության մեջ է, ցավում եմ սրա համար»,-ասում է Արարատ Զուրաբյանը:
