Եռյակը համաժողովրդական շարժման կառույցներ կստեղծի և ԱԺ արտահերթ նիստ կնախաձեռնի
Եռյակը վերջնական որոշման է հասցրել համաժողովրդական շարժման կառույցների ստեղծումը: Այս մասին եռյակի այսօրվա նիստից հետո լրագրողներին հայտնեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա` որոշվել է ձևավորել համաժողովրդական շարժման քաղաքական խորհուրդ, որում եռյակը ներկայացված կլինի ոչ միայն այն ներկայացուցիչների կողմից, ովքեր սովորաբար մասնակցել են եռյակի նիստերին, այլև՝ «տարբեր ֆունկցիոնալ ուղղություններով եռյակի քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչների մասնակցությունն է լինելու»:
Լ.Զուրաբյանի մատուցմամբ` ֆունկցիոնալ ուղղությունները հետևյալն են. տարածքային գրասենյակները և հանրային միջոցառումները համակարգող մարմին, շարժմանն արտախորհրդարանական ուժերի մասնակցության համակարգում, ՀԿ-ների, նախաձեռնությունների, հանրային խմբերի հետ աշխատանքի համակարգում, միասնական տեղեկատվական կենտրոն, որը կիրականացնի համաժողովրդական շարժման բոլոր գործողությունների քարոզչական միասնական ապահովումը, քաղաքացիների իրավական աջակցության խումբ, սփյուռքի համայնքների հետ աշխատանքային խումբ, ինչպես նաև երիտասաևդական կառույցների համագործակցության խմբերի կենտրոն:
Եռյակն այսօր նաև որոշումը վերաբերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցով ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնմանը: Խոսքը, մասնավորապես, համամասնական համակարգին անցում կատարելու, քվեարկությունից հետո ընտրողների ցուցակի հրապարակման մասին է, ինչն ընդդիմության 12 կետերի թվում է:
Լ.Զուրաբյանը հայտնեց, որ իրենք, խորհրդակցելով խորհրդարանական այլ ուժերի հետ, կհրավիրեն արտահերթ նիստ:
«Այդ քայլով կստուգվի` արդյոք իշխանություններն իրենք իրենց խոստումներին որևէ արժեք տալիս են, թե ոչ»,- ասաց Լ.Զուրաբյանը` խոստանալով նիստի օրվա մասին լրագրողներին տեղեկացնել եռյակի հաջորդ նիստից հետո:
