«Ես ցուցմունք չեմ փոխել, եւ չեմ էլ պատրաստվում փոխելու»,-ասում է Հարություն Զաքարյանի հայրը
Համացանցում ակտիվ քննարկումներ են սկսվել այն մասին, որ Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի դեմ տուժողները ցուցմունք չեն տալիս, այսինքն` հայտնում են, թե իրենց Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել:
Ի դեպ, Տիգրան Խաչատրյանի դեմ տուժող Հարություն Զաքարյանի ցուցմունք չտալու մասին շրջանառվող տեղեկությունները լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում կարծես թե հաստատել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` ասելով.«Ինչո՞ւ եք այս մասին հարցնում ինձ, հարցրեք Զաքարյանենց, թե ինչու են հիմա ասում ճշմարտությունը»:
Սակայն, գործով տուժող Հարություն Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը, Fnews.am-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Մենք բողոքել ենք, միշտ էլ բողոքում ենք, էլի բողոքում ենք, ինչ մասին միշտ էլ ասել ենք: Քննությունը թող գնա, ով ինչ աստիճանի հանցանք գործել է, դրա համար էլ պատասխանատվության կենթարկվի: Ով ինչ աստիճանի մեղք գործել է իմ երեխաների ծեծի հետ կապված՝ պատասխանատվության է ենթարկվելու: Հիմա քննչական գործողություններ են իրականացվում, քննիչները թող իրենց գործով զբաղվեն: Ես չեմ կարող ուրիշ բան ասել: Ես ցուցմունք չեմ փոխել, եւ չեմ էլ պատրաստվում փոխելու: Ես ասել եմ նորից եմ կրիկնում. բոլորը պատասխանատվության են ենթարկվելու: Մենք վաղը պատրաստվում ենք յոթերորդ վիրահատության, էս պահին էլ հիմա պրոֆեսորի մոտ ենք»:
Հարցին՝ թե այս ընթացքում փորձ եղե՞լ է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա շրջապատի կողմից Ձեզ հետ կոմպրոմիսի գնալու ու հաշտության եզրեր գտնելու համար, Գագիկ Զաքարյանը պատասխանեց. «Ինձ հետ նման բան չի եղել եւ չէր էլ կարող լինել: Ես մարզպետի հետ խնդիր չունեմ. ես խնդիր ունեմ էն մարդկանց հետ, ովքեր էդ գործում ներկա են եղել, եւ մասնակցել են էդ ծեծին: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ»:
Դիտարկմանը, թե հնարավոր համարում ե՞ք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվի, քանի որ Տիգրան խաչատրյանի փաստաբանը նրան ազատելու միջնորդություն է ներկայացրել,տուժողի հայրը հակադարձեց.«Ինձ թվում է ազատվող մարդ դժվար թե լինի. Մինչեւ հիմա նորմալ ընթացքով քննություն է գնում, ես մինչեւ հիմա քննչական մարմինների ու Քննչական կոմիտեի նկատմամբ վստահություն ունեմ, ու հիմա տենց մտավախություններ չունեմ: Ես նրանց վստահում եմ, եւ նրանք էլ նորմալ քննություն են տանում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։
Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:
