«էս էլ հո Մալաթիայի շուկան չի». Նիկոլ Փաշինյանը` բացակա պատգամավորների փոխարեն քվեարկողներին
Այսօր ԱԺ-ն միաձայն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր` այդ թվում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:
Նշենք, որ պարբերաբար քվեարկության հետ կապված խնդիրներ են առաջանում. որոշ պատգամավորներ քվերակում են իրենց բացակա գործընկների փոխարեն: Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սիստեմատիկ կերպով ՀՀԿ խմբակցության կենտրոնի յառուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ են քվեարկում»,-ասաց նա` հորդորելով պահպանել ԱԺ կանոնակարգը: Նա կոչ արեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին չեղյալ հայտարարել բացակա պատգամավորների քվեարկությունը:
«էս էլ հո Մալաթիայի շուկան չի»,-նկատեց նա: Արա Բաբլոյանը պատասխանեց, որ այսուհետ մշտապես ուշադիր կլինեն:
