Էս երկիրը քանդողը, մարդկանց իրար խառնողը դուք եք. Վարդան Ղուկասյանը հաշտվե՞լ է Բալասանյանի հետ
«Կարևորը դուք հանգիստ եղեք, ինձ ոչ մի բան չի պատահի։ Ես բոլոր հարկերը վճարել եմ։ Իսկ եթե չվճարեմ, կմտնեն դատարան ու դատարանը կբռնագանձի էդ գումարը։ Էնպես որ, ոչ մի բան էլ չի պատահել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատական հայց է ներկայացրել նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի դեմ՝ գույքահարկ չվճարելու համար։ Քաղաքապետարանը պահանջում է դատական ճանապարհով Վարդան Ղուկասյանից բռնագանձել 359 հազար 341 դրամ գույքահարկը: Հայցն արդեն ընդունվել է վարույթ։
Մեր դիտարկմանը՝ այդ փոքր գումարի համար դատարան մտնելը արդյո՞ք Բալասանյանի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով է, Ղուկասյանը արձագանքեց. «Ես ասում եմ, դուք հանգիստ եղեք, ոչ մի բան էլ չի եղել։ Ավելի լուրջ բաներով զբաղվեք։ Չկա ոչ մի լարվածություն»։
Այսինքն՝ Բալասանյանի հետ այլևս ամեն ինչ նորմա՞լ է՝ հարցրինք: «Դուք հանգիստ եղեք։ Դուք որ հանգիստ լինեք, ամեն ինչ լավ կլինի, էս երկիրը քանդողը, մարդկանց իրար խառնողը դուք եք։ Դուք որ հանգիստ լինեք, բոլորս էլ հանգիստ կլինենք»,- փայլատակեց ԱԺ պատգամավորը։
Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցինք նաև Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագծի վերաբերյալ։ Ղուկասյանն ասաց, որ նախագիծը չի կարդացել, բայց կարծում է, որ «մեր ավանդապաշտությունը պետք է բոլորի հոգիների մեջ լինի»։
Այսինքն՝ մեզ ընտանեկան բռնությունը կանխող օրենք պե՞տք չի՝ հարցրինք․«Օրենք, բան չգիտեմ, ես դրանց նշանակություն չեմ տալիս, բայց ես արդեն ասացի, որ ես ավանդապաշտության կողմնակիցն եմ։ Մնացածը չեմ ուզում մեկնաբանեմ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
