«Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ». Վարդան Պետրոսյանն արտասանեց իր վերջին խոսքը դատարանում
Փաստինֆոն գրում է. «Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ»,- դատարանում այսօր իր վերջին խոսքը հայտնի իտալական ֆիլմի հայտնի արտահայտությամբ սկսեց դերասան Վարդան Պետրոսյանն ու հավելեց. «Ես գիտեմ նաև, թե ինչու այս գործն այսպես դասավորվեց և ինչու այսպես սարքվեց»:
«66թ-ին Պարույր Սևակը Գրողների միությունում խոսեց գազոնային քաղաքականության մասին: Սա նույնի շարունակությունն է. անհատ և հասարակություն, ավելի ճիշտ` ռեժիմ: Չեմ ուզում ինքս ինձ մեծարել, պատահական չէր Սևակի օրինակը, Մինասի, Երվանդ Քոչարի, Աճառյանի, շատ շատերի հետ, որոնց ճնշել են, ճզմել են»,- ասաց Վարդան Պետրոսյանը` ըստ էության իր հետ կատարվածը անուղղակիորեն որակելով որպես քաղաքական հետապնդում «ռեժիմի» կողմից:
Սակայն, Վարդան Պետրոսյանը միաժամանակ նշեց. «Ես չարացած չեմ ոչ մի բանի հանդեպ, ոչ մեկի հանդեպ»: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց իր հարազատներին, հանդիսատեսին, փաստաբաններին, լրագրողներին, ընկերներին, անգամ` կալանավայրի իր խցակիցներին՝ այս ամբողջ ժամանակ իր կողքին լինելու եւ իրեն սատարելու համար:
Իսկ իր խոսքը Վարդան Պետրոսյանն ավարտեց հետևյալ հայտարարությամբ. «Գիտակցելով պատասխանատվությանս չափը, զղջալով հատկապես սգավոր մայրերի առջև, ես իմ առաջին խոսքը նրանց եմ ուղղել: Այնուամենայնիվ ես ասում եմ` ինձ առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
