«Ես գիտեմ, որ ես զինվոր չեմ ծեծել».Ապարանի քաղաքապետ
Գնթունիքի դեմը կարող է ամեն օր միջադեպ լինել, բայց ինչ լինի հո՞ մենք չենք դրա հետեւում.Ապարանի քաղաքապետ
Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ ժամկետային զինծառայող 19-ամյա Գևորգ Սարգսյանին, որը գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա եղբայրը՝ Երևան քաղաքի բնակիչ 41-ամյա Հայկ Եղիազարյանը, կանչել են Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետ, որտեղ ծեծի են ենթարկել և հայտնել, որ նա սուպերմարկետից հափշտակել է 5 մլն 400 հազար դրամ գումար:
Վերոհիշյալ տեղեկությունը, ըստ Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի, ինչպես մեզ հետ զրույցում ասաց նա.
-Զառանցանք է, սուտ: Ես ոնց կարող էի զինվոր ծեծել:
-Ուզում եք ասել նման միջադեպ առհասարակ չի՞ եղել:
-Գնթունիքի դեմը, կարող է ամեն օր միջադեպ լինել, բայց ինչ լինի հո՞ մենք չենք դրա հետեւում:
-Այսինքն այնուամենայնիվ միջադեպ եղել է՞:
-Ես չգիտեմ. ես գիտեմ, որ ես զինվոր չեմ ծեծել, ոչ մի միջադեպի չեմ մասնակցել:Ես չեմ էլ իմանում, ինչի մասին է խոսքը: Եթե Դուք գիտեք, ինձ ասեք՝ իմանամ:
-Ի դեպ, մամուլում տեղ գտած այդ միջադեպի հետ կապված՝շրջանառվում էր նաեւ ձեր եղբոր անունը:
-Իմ եղբայրը շաբաթ-կիրակի է մենակ գալիս. ո՞վ է եղբորս անունը տվել:
-Ի դեպ միջադեպը հենց կիրակի է տեղի ունեցել՝ ըստ մամուլում տեղ գտած լուրի:
-Ասեցի մենք կապ չունենք: Կարող եք վստահ լինել:
-Այդ դեպքում ինչո՞ւ է հենց կոնկրետ Ձեր անունը նշվել:
-Չեմ կարող ասել, ինչ իմանամ. ես մի բան գիտեմ՝ մենք ոչ մի միջադեպի մասնակից չենք եղել:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ոստիկանության Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում ժամկետային զինծառայող 19-ամյա Գևորգ Սարգսյանին, որը գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա եղբայրը՝ Երևան քաղաքի բնակիչ 41-ամյա Հայկ Եղիազարյանը, կանչել են Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետ, որտեղ ծեծի են ենթարկել և հայտնել, որ նա սուպերմարկետից հափշտակել է 5 մլն 400 հազար դրամ գումար:
Գ. Սարգսյանը հրավիրվել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ հայտնել է, որ Կ. Եղիազարյանը իրեն ծեծի է ենթարկել, իսկ Հ. Եղիազարյանը սպառնացել է ու պահանջել, որ կես ժամվա ընթացքում նշված գումարը վերադարձնի: Կ. և Հ. Եզիազարյանները իրեն սպառնացել են նաև, որ եթե այդ մասին նա որևէ մեկին հայտնի, այդ թվում՝ ոստիկանությանը, ապա ինքն է դատվելու:
Նույն օրը երեկոյան Ապարանի բնակիչ 18-ամյա Փ. Թ.-ն զանգահարել է Ապարան քաղաքի «Գնթունիկ» սուպերմարկետի մենեջեր, 25-ամյա Տիգրան Հարությունյանին և հրավիրել սուպերմարկետ, որտեղ Հ. և Կ. Եղիազարյանները նորից պնդել են, որ սուպերմարկետի դրամարկղից պակասում է նշված գումարը, որից հետո, ըստ ահազանգողի, Հ. և Կ. Եղիազարյանները ծեծի են ենթարկել Գ. Սարգսյանին՝ պահանջելով, որ գումարը վերադարձնի:
Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ի դեպ, ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ, քիչ առաջ տեղեկացանք, որ գործը դեռ ոստիկանությունում է, հետաքննությունը շարունակվում է:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
