Ես ինչ-որ մի ձև տուն վերադառնալու եմ, բայց տղաները չեն վերադառնալու. Դավիթ Սանասարյան
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման արդյունքում երեք զոհերի դիերն այդ տարածքից վերցնելու գործում միջազգային հանրությանը ներկայացված պահանջով արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ, չի պատրաստվում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորով դադարեցնել հացադուլը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրել է դադարեցնել հացադուլը, բայց շատ հարգելով պարոն Հովհաննիսյանին՝ իմ առջև դրված նպատակը և իմ արած հայտարարությունները թույլ չեն տալիս ինձ դուրս գալ այստեղից: Հույս ունեմ, որ առաջիկայում հնարավորություն կունենամ դադարեցնելու և Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հրապարակներում կանգնելու»,-այսօր Ազատություն TV-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց նա:
Պատասխանելով օգտատերերից մեկ հարցին, թե ինչպես են իր քայլին վերաբերում ընտանիքի անդամները՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Բոլորի հարցերի պատասխանները տվել եմ, բայց իմ տղայի հարցին չկարողացա պատասխանել: Նա եկավ ու ասաց՝ ի՞նչ ես անում էստեղ, ասաց՝ կլինի՞ ես էլ մնամ էստեղ, ասացի՝ ոչ: Ես կգամ տուն ու քեզ կբացատրեմ: Ես ինչ-որ մի ձև տուն վերադառնալու եմ, բայց այդ տղաները չեն վերադառնալու»:
Դավիթ Սանասարյանը նաև հայտարարեց, որ ինքը ո´չ Ռուսաստանի շահերն է ներկայացնում, ո´չ Արևմուտքի. «Ես եվրաինտեգրման կողմնակից եմ, բայց Եվրոպան և Ամերիկան իրենց գործունեությունը լուրջ վերանայելու կարիք ունեն, որպեսզի իրենց հեղինակությունը վերականգնվի: Իսկ Ռուսաստանը պետք է լռի, Ռուսաստանն այս տարածաշրջանում ամենամեծ մեղքի բաժինն ունի: Ես չեմ դիմում Ռուսաստանին, որովհետև ես Ռուսաստանից պահանջելու բան չունեմ: Ես տեսնում եմ, որ ռուսական և եվրոպական քաղաքականությունն այս հարցում համահունչ է և նույնքան սխալ, չհաշված Ռուսաստանի կողմից զենք վաճառելը»:
Ինչ վերաբերում է իր պահանջի հարցում հայկական կողմի գործունեությանը, Դավիթ Սանասարյանը նշեց, որ տղաներին այդ տարածքից դուրս բերելուց հետո ինքը կխոսի սխալների մասին:
«Այս պահի դրությամբ մեր ԱԳՆ-ն պարտավոր է իր բոլոր դիվանագիտական անձնակազմը ոտքի հանել: Պետք է լուրջ աշխատանք տանի, իրենք այս հարցը չպետք է թողնեն ՊՆ-ի վրա»,-ասաց նա:
