«Ես Տեր Թոդիկը չեմ»․ Ռուբեն Հայրապետյան
«Այո, ես պահանջկոտ եմ, եղել են դեպքեր, երբ ֆուտբոլիստների հետ խիստ եմ խոսել, բայց ես տեր Թոդիկը չեմ, որ ծեծեմ նրանց»,-այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «RԷվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով թեմային, թե Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները վախենում են իրենից։
«Ո՞վ է ասում: Երբ հավաքականը լավ էր խաղում, էլի վախի՞ց էին խաղում: Դե թող վախից անընդհատ լավ խաղան, օրինակ, Պորտուգալիայի դեմ խաղի պես խայտառակ թող չխաղան: Մեր երկրի ֆուտբոլասերները ուրախ չեն լինի՞, եթե մեր ֆուտբոլիստները, թեկուզ վախենալով, բոլոր խաղերը հաղթեն»,-նշեց ՀՖՖ նախագահը։
Դիտարկմանը, թե նա ֆուտբոլիստներին պատժում է, Հայրապետյանն ասաց․ «Ի՞նչ պատժի մասին է խոսքը: Ծիծաղելի է մի քիչ. Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյան, ով կայացած մարդ է, Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Ռոբերտ Արզումանյան, Ռոման Բերեզովսկի… Ո՞նց պետք է պատժեմ: Ծեծե՞մ: Ծիծաղելի չէ՞ դա: Երբ նրանք գալիս են, խնդրեմ, եկեք ու տեսեք մեր վերաբերմունքը միմյանց նկատմամբ»։
