Եթե այսպես գնա, երևի մի օր դատավարությունն իրոք կդառնա մրցակցային. Հայկ Ալումյան
Արդարացման դատավճիռների քանակը Հայաստանում շատացել է և դա, իհարկե, լավ է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նկատեց, որ արդարացման դատավճիռները դեռևս 7-8 տարի առաջ համարվում էին ինչ-որ մի եզակի դեպքեր՝ տարվա մեջ եթե մեկ-երկու հատ արդարացման դատավճիռ լիներ, դա կարող էր համարվել արդեն մեծ նվաճում:
Եթե քննության և արդարադատության բավականին բարձր մակարդակ ունեցող տարբեր երկրներում արդարացման դատավճիռները կազմում են բավականին մեծ տոկոս, ապա մեզանում որ շատ վաղ անցյալում չկային արդարացման դատավճիռներ:
Դա կարող էր նշանակել, որ կամ ոստիկանությունն ու դատախազությունն անթերի են աշխատում, ոչ մի անգամ անմեղ մարդ չի նստում ամբաստանյալի աթոռին կամ բոլորը հաշտվել են այն մտքի հետ, որ կա որոշակի խոտան, այսինքն՝ դատարանները տասից կամ քսանից մեկ դեպքերում նաև անմեղ մարդկանց են դատապարտել:
«Պատկերացրեք, կան դատավորներ, ովքեր 20-30 տարի քրեական գործեր են քննում ու մարդ չեն արդարացրել: Կարո՞ղ է 20-30 տարի մեր ոստիկանությունը, դատախազությունն այնքան անթերի աշխատած լինեն, որ ոչ մի անգամ այդ դատավորի մոտ անմեղ մարդու գործ հայտնված չլինի կամ նույնիսկ ոչ թե անմեղ մարդու, գոնե այնպիսի մարդու, ում մեղադրանքն այնքան էլ լավ ապացուցված չէ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ասվածից հետևում է, որ դատավորը կայացրել է մեղադրական դատավճիռ՝ անկախ նրանից՝ դատարանում այդ գործերով մեղադրանքը հաստատվե՞լ է, թե՝ ոչ:
«Դա արդեն դատավոր չէ, նվաստացնում է իր պաշտոնը, դիրքը, նոտարի գործառույթ է իրականացնում, իր համար դատական քննությունն ամբողջության ձևականություն է, անհամբեր սպասում է այդ ամեն ինչն ավարտվի, որ վավերացնի դատախազության մեղադրական եզրակացությունը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նույնիսկ նոտարն իրեն վավերացման ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքին ստուգում է. «Սրանք չէին էլ ստուգում»:
Հայկ Ալումյանը փաստեց, որ հիմա արդեն քիչ-քիչ դատական համակարգում հայտնվեցին դատավորներ, ովքեր չեն խուսափում արդարացման դատավճիռներ կայացնելուց, հայտնվեցին դատավորներ, ում համար սկզբունքային է, որպեսզի իրենք չդատապարտեն մի մարդու, ում մեղավորության մեջ վստահ չեն:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
