«Եթե բլինդաժներում էլ քնեիք, լրիվ ուրիշ առաջարկներ կանեիք» (տեսանյութ)
A1plus.am-ը գրում է. Քաղաքական համագործակցության ռեսուսը սպառված չէ, ընդհակառակը. Այսօր ԱԺ ամբիոնից ուրախությամբ արձանագրեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանամերձ համայնքներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու Կառավարության որոշմանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ այս որոշումն իրենց համար էլ դրվատանքի արժանի է:
Նա միայն կոչ արեց հստակեցնել՝ սահմանամերձ եւ սահմանապահ համայնքները. «Տարբերակում չի նշանակում խտրականություն, ուղղակի սահմանապահ համայնքներն այն գյուղերն են, որտեղ ապրում են բանակային ռեժիմով: Ինչ վերաբերում է որոշման ժամկետայնությանը՝ երեք տարի, ապա ես հասկանում եմ, որ ուզում ենք, որ երեք տարում ԼՂՀ խնդիրը լուծենք, այդ դեպքում ուրեմն եկեք մեկ տարի գրենք: Սրանով ի՞նչ մեսիջ ենք ուղարկում այդ սահմանին ապրող մարդկանց: Եկեք այդ ժամկետը հանենք»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին եւս ոգեւորել էր այս որոշումը. «Ոնց որ մի քիչ ուրախացա: Ուղղակի պետք է նաեւ ճշտենք արտագաղթի տեմպերը ու թե որքան աղքատ մարդ է ապրում այդ համայնքներում: Պետք է նաեւ դիտարկենք, թե էլ ինչ է պակաս այս օրենքում, որ մենք ավելացնենք ու սահմանամերձ համայնքներում ապրելը դառնա գրավիչ: Համալիր մոտեցում է պետք»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս գովեստի խոսքեր շռայլեց՝ ասելով. «Կառավարության ներկայացրած որոշումներում մի քանի լավ նախաձեռնություններ կան: Սա միասնականության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել: Շատ լավ է, որ կառավարությունը իր խոստման տերն է մնում»:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, որ այս որոշման դեպքում ավելի հանգիստ խղճով կքվեարկի, ի տարբերություն նախորդ որոշման, որով որեւէ ֆինանսական աջակցություն չէր ցուցաբերվում համայնքներին. «Լավ է, որ դիրքերում եք եղել, հարգելի պատգամավորներ: Այ, եթե առաջին գծում էլ քնեիք՝ բլինդաժներում, լրիվ ուրիշ առաջարկներ կանեիք»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց, որ այս որոշումն իրենց ուշադրության կենտրոնում են պարբերաբար պահելու. «Ինչ վերաբերում է համայնքների ցանկին, ապա այն կրկին վերանայելու ենք: Որոշման ժամկետի հետ կապված համաձայն եմ իմ գործընկերների հետ՝ պետք է չէ՞ ֆիքսել կոնկրետ ժամկետ, որոշումը պետք է անժամկետ լինի: Ժամկետները պետք է վերանայել, քանի որ դեռ այս կիսապատերազմական վիճակը պահպանվում է: Սակայն կառավարության կողմից քայլը կատարված է: Սա նաեւ արձագանքն է ԱԺ վեց խմբակցությունների առաջարկության»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է, երբ վեց խմբակցությունը եւ կառավարությունը եկել են միասնական հայտարարի. «Սահմանապահ համայնքներին վերաբերող նախորդ որոշման ժամանակ սկեպտիկական գնահատականներ հնչեցին: Կառավարությունը այս մի նախագծով ցույց է տալիս, որ լսում է ցանկացած պատգամավորի ողջամիտ առաջարկ՝ անկախ նրա իշխանական կամ ընդդիմադիր լինելուց, ընդունելի է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ժողովրդի մատից փուշը հանենք»:
Կառավարության այս որոշման առաջին ընթերցմամբ քննարկումն ավարտվեց:
