Եթե հայերը կյանքը չսիրեին` վաղուց անհետացած կլինեին. Շարլ Ազնավուր
Մենք ծնվում ենք մահանալու համար, բայց մինչ այդ հարկավոր է լիարժեք ապրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը, եւ հավելել, որ իրեն առաջնորդում է կյանքի ծարավը:
«Հայերը եւ հրեաներն, այնքան ողբերգություններ են ապրել, որ եթե մեր ազգերը կյանքը չսիրեին, ապա վաղուց անհետացած կլինեին»,- հայտարարել է 89-ամյա Ազնավուրը: Նոյեմբերի 23-ին Իսրայելում կկայանա Շարլ Ազնավուրի այս երկրում առաջին համերգը, որը կկրի «Համերգ խաղաղության համար» խորագիրը: Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչպես է ընդունում, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը երգիչն ասել է. «Որպես հայի իմ համար շատ կարեւոր է այդ հանգամանքը, բայց ես հասկանում եմ հրեաների բարդ վերաբերմունքը «ցեղասպանություն» բառի նկատմամբ եւ հավատում եմ, որ այդ խնդիրը դեռ կլուծվի»: