«Եթե կառավարությունն էլ է ձեռքերը լվանում է, էդ դեպքում ո՞ւմ վրա հույս դնենք, մարզպետն էլ խոստացավ, բայց»...
Բյուրեղավան քաղաքում ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունը 1 տարի շարունակ տարբեր ամիսների չի վճարել աշխատակիցների աշխատավարձերը, իսկ օգոստոսից դադարեցրել է արտադրությունը: «150-ից ավելի աշխատողի աշխատավարձ չեն տալիս, նրանք ասում են՝ գործարանը չի աշխատում, փող չկա: Բա որ գիտեիք փող չկար, մեզ չաշխատեցնեիք, ավելի շուտ փակեիք գործարանը»,-Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատակիցներից Գրիշա Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունը պարտք է 350 աշխատակցի՝ 200-ից մինչև 400 հազար դրամի չափով: «էս ամիսների ընթացքում, ժամանակ առ ժամանակ, 50 հազար դրամով տալիս են: Էն տպավորությունն է, որ ողորմություն են տալիս։ Պարտքով, վարկերով ենք ապրում, կամ էլ` բանվորություն ենք անում: Ընկերությունն էլ ասում է՝ էսօր-վաղը կտանք, բայց խաբում է»,- ասաց աշխատակիցը: Գործարանի աշխատակիցները մտավախություն ունեն, որ ընկերությունը սնանկ կճանաչվի և իրենք ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա։ «Մենք պետք ա արագացնենք, ստիպեք դրանց, որ մեր փողերը մեզ տան, հակառակ դեպքում կմնանք ձեռնունայն»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն ոչինչ չեն կարողացել անել, քանի որ խնդիրը մասնավոր ընկերության հետ է: «Մասնավորը ո՞րն է, խախտվել է մեր իրավունքը: Մենք հարկեր ենք վճարել պետությանը, իսկ հիմա կառավարությունը հրաժարվում է պայքարել իր քաղաքացու խախտված իրավունքների համար։ Եթե կառավարությունն էլ է ձեռքերը լվանում, էդ դեպքում ո՞ւմ վրա մեր հույսը դնենք»,- սրտնեղեց Գ. Համբարձումյանը։
Նա տեղեկացրեց, որ իրենց բողոքը նույնիսկ մարզպետն է լսել` Կարապետ Գուլոյանը, և խոստացել, որ աշխատավարձ կստանան: «Իրենց նկատմամբ վստահությունն ենք կորցրել, այդ պատճառով էլ որևէ խոստումի այլևս չենք հավատում: Մարզպետը խոստացել էր, որ մենք դեկտեմեբր 1-ին արդեն աշխատավարձ ստացած պետք է լինեինք, սակայն տեղաշարժ չկա»,- շարունակեց նա:
