Եթե մարզում կան հեղինակություններ, ուրեմն առաջինը ես եմ. Ալիկ Սարգսյան (տեսանյութ)
Արարատի մարզում լարվածություն չկա, կոշտ միջոցներ չեն ձեռնարկվում ՀՀԿ-ի ձայները պահելու համար։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի նախկին խորհրդական, Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը՝ հորդորելով Արարատի մարզում միջկլանային բախումների չսպասել։
- Արարատի մարզում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լարվածություն է՝ հատկապես Հանրապետական կուսակցության ձայները պահելու տեսանկյունից՝ հաշվի առնելով նախկին վարչապետի գործոնը, ում որդին առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքով։ Դուք արդեն իսկ կոշտ միջոցների՞ եք դիմում։
- Կոշտ միջոցների դիմելը իմ ոճը չէ, իմ տեսակը կոշտ միջոցներ չունի, մարդկային ֆակտորը ամենաբարձր դիրքերում է գտնվում: Եթե ինչ-որ մեկի հետ խոսում, զրուցում եմ այդ կապակցությամբ, դա ընդամենը մարդկային խոսակցություն է։
Ինչ վերաբերում է կուսակցությանը, գիտեք՝ «Հանրապետական» կուսակցության մարզային խորհրդի նախագահն եմ, ես ունեմ մեկ գերխնդիր, գերնպատակ՝ իմ կուսակցության համար. համապատասխան ձայներ ապահովել։ Իսկ թե ովքեր, ինչ կուսակցություն են ներկայացնում, նախկինում ինչ հարաբերություններ են եղել, ովքեր էսօր ինչ տիպի քարոզարշավ են իրականացնում, դա արդեն ինձ չի հետաքրքրում։ Կրկնեմ՝ ես ընդդեմ որևէ մեկի չեմ աշխատում մարզում, ես աշխատում եմ հանուն իմ նպատակի։ Ե՛վ Հովիկ Աբրահամյանի, և՛ բոլորի դեմ պայքարելու խնդիր չունեմ, այդպիսի խնդիր դրված չի եղել։ Ես եկել եմ ընդամենը իմ կուսակցության ձայները պաշտպանելու, քարոզարշավը պատշաճ մակարդակով կազմակերպելու։ Էդ գործում որևէ մեկն ինձ խանգարել չի կարող, խոչընդոտել չի կարող, որևէ սև բիծ իմ գործունությանը չի կարող բերել։ Ես ընդամենը իմ գործն եմ անում, որի համար երբեք չեմ ամաչում, դրա իրավունքն ու հիմքերն ունեմ ամբողջությամբ։
- Պարո՛ն Սարգսյան, մամուլում շրջանառվեց, որ ՀՀԿ-ի մյուս՝ ռեյտինգային ցուցակում առաջադրված մյուս թեկնածուների հետ լարված հարաբերություններ ունեք։ Ձեր հարաբերությունները լարված են նաև մարզպետի՞ հետ, նրա եղբորը ևս կուսակցությունը առաջադրել է։ Այսինքն՝ կուսակիցների հետ և՞ս պայքարում եք։
- Ռեյտինգային ցուցակով առաջադրված որևիցե կուսակցի հետ կապված խնդիրներ չունեմ, նույն մարզպետը կուսակցությունը ներկայացնելու է մարզում, մարզպետի եղբայրը ռեյտինգային ցուցակում է, միասին ենք հանդես գալու։ Ինչո՞ւ չէ, հնարավոր է՝ քարոզարշավի ընթացքում նույն հարթակում կանգնենք, նույն խոսքն ենք ասելու և ժողովրդինն է խոսքը՝ ում կընտրի այդ ցուցակից։
Եթե մարդն արդեն կողմնորոշված է՝ ՀՀԿ-ին տալ ձայնը, թող ինքը որոշի կուսակցությունից ռեյտինգով ում կտա ձայնը։ Գոնե ես փորձելու եմ այնպես անել, որ մարդիկ ազատ ընտրելու իրավունք ունենան։ Ես մեր ցուցակի բոլոր թեկնածուներին մասնակից եմ դարձնելու իմ քարոզարշավին, ժողովուրդը ում կուզի՝ թող նրան էլ ձայնը տա։
մանրամասն՝այստեղ:
