«Եթե վախենում եք, իշխանությունը տվեք մեզ, մենք կանենք»
Միանալով ԵՏՄ-ին` մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունը. ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա սկսեց համեմատություններ անցկացնել ԵՏՄ անդամ մյուս պետությունների եւ ՀՀ տնտեսությունների, մաքսադրույքների միջեւ` ներկայացնելով շատ կոնկրետ թվեր:
Պարոն Բագրատյանը վստահեցրեց, որ ինքը նույնպես այն կարծիքին չէ, որ ՌԴ-ի հետ պետք է առճակատում. «Նորմալ բանակցեիք, ինչ ենք ստացել. այսօր ՀՀ-ում ճգնաժամ է, ռեվոլյուցիոն կրիզիս: Կարգին աշխատեք, մի տվեք մոնոպոլյաները: Հիմա դուք ասում եք` եթե մենք չմիանանք ԵՏՄ-ին, մեզնից կնեղանան, ու կընկնենք թուրքերի ու ադրբեջանցների ձեռքը, կկորցնենք մեր ինքնիշխանությունը: Եթե վախենում եք, իշխանությունը տվեք մեզ, մենք կանենք»:
Նրա ժամանակը սպառվեց, եւ նա արդեն անջատված խոսափողով սկսեց վիճել ԱԺ նախագահության հետ: Ի պատասխան` ԱԺ նախագահն ու փոխնախագահները ժպտալով սկսեցին ծափահարել: «Այն, ինչ որ դուք ուզում եք, տվողը դուք չեք, տվողը ժողովուրդն է, նա էլ գիտի` ում է տվել»,- արձագանքեց Հերմինե Նաղդալյանը:
