«Էթնա» ռեստորանային համալիրի մոտ արյունալի միջադեպի գործով ամբաստանյալը նոր պաշտպան կներգրավի
Փաստինֆոն գրում է.
«Էթնա» ռեստորանային համալիրի մոտ խուլիգանական դրդումներով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ 27-ամյա Արսեն Շահբազյանին առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Վաղինակ Հարությունյանն այսօր հրաժարվեց իր պաշտպան Հովհաննես Հարությունյանի ծառայություններից:
Ամբաստանյալը խնդրեց իրեն ժամանակ տրամադրել՝ նոր պաշտպան ներգրավելու, իսկ վերջինիս՝ նաև գործի նյութերին ծանոթանալու համար: Գործի նյութերը կազմում են 11 հատոր:
Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2012թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, 33-ամյա Վաղինակ Հարությունյանն իր հորեղբորորդու՝ Սերգեյ Հարությունյանի կանչով Մեսրոպ Խառատյանի և դեռևս քննությամբ չպարզված անձանց հետ գնացել է Երևանում գտնվող «Էթնա» ռեստորանային համալիրի մոտ:
Նկատելով Սերգեյ Հարությունյանի հետ Սերյոժա Աբովյանին և Արսեն Շահբազյանին բարձր ձայնով վիճաբանելիս՝ «նշված չնչին առիթն օգտագործելով, իրենց անձի առավելությունն ու գերազանցությունն ընդգծելու մղումով, խուլիգանական դրդումներով, անմիջապես բազմաթիվ հարվածներ են հասցրել Արսեն Շահբազյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են ծանր վնաս»։
Նշենք, որ 27-ամյա Արսեն Շահբազյանի մահվան փաստով ՀՀ քրեական օրենգրքի 104-րդ հոդվածով, այն է՝ սպանության վերաբերյալ, կա գործից անջատված մաս, կան հետախուզվողներ:
