Եվրոպացի պատգամավորն առաջարկել է ԼՂ միջադեպը հետաքննող հանձնաժողով ստեղծել
Եվրոպայի Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության եւ Եվրոպական դեմոկրատների անդամ, Եվրախորհրդարանում ԵԺԿ Կիպրոսի պատվիրակության խմբակցության ղեկավար Էլենի Թեոհարուսը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի ոչնչացումը եւ ԵՄ-ին առաջարկել է միջադեպը հետաքննող հանձնաժողով ստեղծել:
Եվրապատգամավորի տարածած հայտարարությունում ասվում է. «Ես ինձ պարտավորված եմ զգում դատապարտել 2014 թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած սադրիչ գործողությունները՝ ուղղված անմեղ մարդկանց դեմ, որոնք, հավանաբար, զոհվել են: Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել է ԼՂՀ-ի բանակի անզեն ուղղաթիռը, երբ այն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Անձնակազմի անդամների ճակատագիրը անհայտ է մնում՝ Ադրբեջանի կողմից շարունակական հրաձգության պատճառով, ինչի հետեւանքով դժվարանում է փրկարարական գործողությունը: Սա ամենալուրջ միջադեպն է 1994թ. Ադրբեջանի, ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի համաձայնագրի ժամանակներից ի վեր»:
Էլենի Թեոհարուսը նաեւ հայտնել է, որ նամակներ է ուղարկել ԵՄ պաշտոնյաներին՝ հստակ առաջարկներով: «Ես արդեն նամակ ուղարկել եմ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին եւ մյուս հաձնակատարներին՝ ընդգծելով միջադեպի փաստերը: Բացի դրանից, ես ԵՄ-ին առաջարկել եմ հատուկ առաքելություն կազմակերպել՝ տեղում քննության համար: Ներկայումս ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է հրադադարի ռեժիմը, եւ, ամենայն հավանականությամբ, երեք մարդ զոհվել է: ԵՄ-ն պետք է դատապարտի այս գործողությունները եւ աջակցի խնդրի լուծման հարցում՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնվելով»:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Զոհվել են երեք օդաչուները: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ ղարաբաղյան կողմին թույլ չտալով մոտենալ:
