Ե՞վս մեկ թեկնածու Սպիտակի քաղաքապետի ընտրություններում
Ապրիլի 17-ին կայանալիք Սպիտակ քաղաքի ընտրությունները խոստանում են «ինտրիգային» լինել: Մինչ այս հայտնի էր, որ Սպիտակ քաղաքը ղեկավարելու համար պայքարելու են ներկայիս քաղաքապետ ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը, նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը՝ Լոռու ներկայիս փոխմարզպետներից մեկը: Մի պահ քաղաքապետ դառնալու ամբիցիաներ ցույց տվեց քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ապա հրաժարվեց:
Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքապետի ընտրություններին հնարավոր է իր մասնակցությունն ունենա «Մտավորականների խորհրդի» անդամ, «Հայք» նախաձեռնության ներկայացուցիչ, ազատամարտիկ, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի նախկին պրոռեկտոր Արման Դանիելյանը:
Մեր տեղեկություններով Արման Դանիելյանին ընտրություններին մասնակցելու առաջարկություններ են արել ինչպես Սպիտակի բնակիչներ, այնպես էլ արտերկրում բնակվող սպիտակցիներ, նույնիսկ խոստացել են «հովանավորել» հետագայում նախընտրական «թանկարժեք» խոստումներն իրականացնելու համար, մասնավորապես աշխատատեղեր ստեղծելու մասով:
