Եղվարդի մանկապարտեզում տաք ջուր չի եղել. նոր մանրամասներ մանկապարտեզի թունավորումների գործից
Փաստինֆոն գրում է. Եղվարդի մանկապարտեզում երեխաների թունավորման փաստով հարուցված քրեական գործով նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել: Սակայն, քննությունը դեռ շարունակվում է, դիտարկվում են վարակի ծագման և տարածման բոլոր հնարավոր վարկածները:
Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը դիտարկում է հետևյալ հնարավոր վարկածները. սնունդ, ախտոտվածություն և հիգիենիկ անբավարար պայմաններ, վարակի փոխանցում վարակակիր անձից:
Ինչպես արդեն հայտնել ենք մեր նախորդ հրապարակումներում, սննդի մեջ վարակի առկայության հիմնական երկու ուղղության է դիտարկվում` նրբերշիկ և թթվասեր: Ու թեև որոշ պատասխանատու մարմիններ շտապեցին արդարացնել նրբերշիկ արտադրողներին, բայց իրավապահները վաղաժամ եզրակացությունների փոխարեն գերադասում են սպասել փորձաքննության պատասխանին:
Հաջորդ վարկածը սննդի մեջ վարակի ներթափանցումն է կեղտոտ ամանեղենից: Ի դեպ, պարզվում է, որ մանկապարտեզում տաք ջուր չկա, ինչը եւս լուրջ կասկածի տակ է դնում այստեղ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը:
Եվ երրորդ վարկածը վարակակիր մարդու հետ շփման վարկածն է: Մեր տեղեկություններով, նախաքննության շրջանակներում լաբորատոր նմուշներ են վերցվել ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցներից, այլև նրանց հարազատներից, քանի որ չի բացառվում, որ վարակի հարուցիչը մանկապարտեզ հասներ աշխատակիցներից որևէ մեկի ընտանիքի վարակակիր անդամից: Ընդհանուր առմամբ` փորձանմուշ է վերցվել 400 մարդու կղանքից:
Հիշեցնենք, նոյեմբերի 28-ին թունավորման ախտանշաններով հիվանդանոց էին տեղափոխվել Եղվարդի թիվ1 մանկապարտեզի շուրջ 80 սաներ: Ավելի ուշ երեխաների մոտ ախտորոշվել էր դիզինտերիա, որը, որպես կանոն առաջանում է հենց ախտոտվածության հետևանքով:
