Եղվարդի մանկապարտեզում խախտվել են սանիտարահիգիենիկ կանոնները
Փաստինֆոն գրում է. Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաները վարակվել են սանիտարահիգիենիկ կանոնների խախտման հետևանքով:
Մեր տեղեկություններով` դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նման հետևության է հանգել քննությունն իրականացնող մարմինը:
Իսկ թե ու՞մ մեղավորությամբ են խախտվել կանոնները և ի՞նչ եղանակով է վարակը տարածվել, քննությունն այժմ այս հարցերի պատասխանն է փորձում գտնել:
Հիշեցնենք, որ ինչպես նախօրոք հայտարարվել էր, երեխաների շրջանում տարածված դիզենտերիայի վարակը հայտնի է՝ որպես կեղտոտության հետևանքով առաջացող հիվանդություն, ուստի՝ նախաքննական մարմնի հիմնական նպատակն այսօր հենց այդ աղտոտման աղբյուրի ու դրա տարածման եղանակի բացահայտումն է:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ հնարավոր է, որ առաջիկայում քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվի, իսկ թե ու՞մ, առայժմ չի բացահայտվում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված զանգվածային վարակի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքները կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ և անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
