Եղվարդի մանկապարտեզը դեռ փակ է
Եղվարդի մանկապարտեզը, դեռ չի աշխատում, թեև նախատեսված էր, որ այն պետք է իր դռները բացեր երեկ` հունվարի 19-ին:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Եղվարդի քաղաքապետարանից` դա պատճառաբանելով տեխնիկական խնդիրներով: Մեզ հայտնեցին նաև, որ ախտահանման աշխատանքներից հետո հունվարի 13-ին բացվել էին մանկապարտեզի խոհանոցն ու պահեստը:
Հիշեցնենք` քաղաքի միակ մանկապարտեզը փակվել էր նոյեմբերի 28-ին, երբ թունավորման ախտանշաններով հիվանդանոց էին տեղափոխվել մանկապարտեզի գրեթե բոլոր սաներն ու աշխատակիցները:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում պարզվել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի սաների, աշխատակիցների ու նրաց հետ շփվող մարդկանց զանգվածային թունավորման։
Մեղադրանք է առաջադրվել մանկապարտեզի տնօրեն Մ.Մանուկյանին և բուժքույր Ն.Առաքելյանին` ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում:
Նրանք ներկայացել են վարույթ իրականացնող մարմին և ընդունել առաջադրված մեղադրանքը:
