Եղվարդի մանկապարտեզը խախտել է առողջապահության նախարարի հրամանը. Նախարարը պատժելու իրավասություն չունի
Թե ինչն է եղել Եղվարդի մանկապարտեզում թունավորման պատճառը, դեռ հայտնի չէ, և հայտնի կդառնա միայն ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացվող փորձաքննությունների արդյունքում:
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Իսկ մինչ այդ նախարարն ասաց, որ թունավորված երեխաների ու նրանց դաստիարակների մոտ ախտորոշվել է դիզինտերիա, որը, նախարարի բնորոշմամբ, «կեղտոտ ձեռքերի հիվանդություն է»:
Այդուհանդերձ, նախարարը հաստատեց, որ այդ օրը մանկապարտեզում երեխաների ճաշացանկում նրբերշիկ է եղել՝ հիշեցնելով, որ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի հրամանով երշիկեղենի օգտագործումը մանկապարտեզների ճաշացանկում արգելված է:
Արդյոք երեխաները նրբերշիկի՞ց են թունավորվել, թե՝ ոչ, և ի՞նչ պատասխանատվություն կկիրառվի մեղավորների նկատմամբ հարցերը նախարարը լրագրողներին խորհուրդ տվեց ուղղել իրավապահներին:
Ուստի նախարարից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն հենց առողջապահության նախարարության կողմից, քանի որ անկախ փորձաքննության արդյունքներից՝ արդեն իսկ փաստ է, որ մանկապարտեզի ղեկավարությունը, խախտելով նախարարի հրամանը, երեխաներին նրբերշիկ է տվել, և ահա թե ինչ պատասխան ստացանք. «Առողջապահության նախարարությունը մանկապարտեզը չի կարող ենթարկել պատասխանատվության, առհասարակ, այդ հարցերը՝ սննդի վերահսկողություն, հիգիենիկ վերահսկողություն և այլն, առողջապահության նախարարության վերահսկողությունից դուրս են»:
Արմեն Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին դեռևս 2 երեխա շարունակում է մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում և 4 երեխա ու 1 մեխահասակ՝ Եղվարդի հիվանդանոցում:
