Եղվարդում թունավորված երեխաների դեպքի վերաբերյալ հասարակական կարծիքը պետք է ավելի կոշտ լինի
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման դեպքին, ինչի հետևանքով տասնյակ երեխաներ տեղափոխվել էին հիվանդանոց, ասաց, թե հերթական տագնապալի լուրն է, և այն առավել քան տագնապալի է, քանի որ առնչվում է մանկահասակ երեխաների հետ:
«Անվերահսկելիության և անպատժելիության միջավայր է: Դեպքերը կրկնվում են և էլի են լինելու, և մենք համապատասխան արձագանք չենք ստանում համապատասխան մարմինների կողմից»,-հայտարարեց Արմեն Պողոսյանը:
Նա հիշեցրեց տարիներ առաջ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած դեպքը, երբ ջրագիծը և կոյուղագիծը խառնվել էին իրար և հարյուրավոր մարդիկ հայտնվել էին հիվանդանոցներում: Բանախոսն ասաց, որ այդ գործն այդպես էլ չբացահայտվեց, և որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:
«Հիմա նույնն է կրկնվում, մանուկները թունավորվել են և դեռ հստակեցված չէ՝ ջրի՞ց է եղել թունավորումը, թե՞ սննդից: «Երևան ջուր»-ը պարտավոր է երկու ժամը մեկ ստուգել ջրի որակը»,-նշեց բանախոսը:
Արմեն Պողոսյանն ասաց նաև, թե նմանատիպ գործերով բազմաթիվ դատական գործեր են եղել, և բազմաթիվ են եղել դեպքերը, երբ սպառողները շահել են, բայց դա ընդամենը «Պյուռոսյան հաղթանակ» կարելի է կոչել:
«Թունավորված երեխաների ծնողները կարող են դիմել մեզ և մենք նրանց շահերը կպաշտպանենք նաև դատական կարգով,-հայտարարեց Արմեն Պողոսյանը,-մեր օրենսդրության մեջ կա բարոյական վնասի փոխհատուցում կետը, սակայն այդ վնասի փոխհատուցումը հաշվարկելու մեխանիզմ չկա: Մենք պետք է ձգտենք, որ օրենքում եղած բարոյական վնասի փոխհատուցման բարոյական մասը վերածենք նյութականի»:
