ԵԽԽՎ-ն խստորեն դատապարտում է ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին փաստաթուղթը ներկայացրեց հույն պատվիրակ Յոաննետա Կավադիան (լուսանկարում): Զեկույցում ներկայացվում է Բյուրոյի գործունեությունը, այդ թվում նաև այն փաստը, որ Վեհաժողովն ընդունել է բանաձև`Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցի հիման վրա: Հենց այս հարցում է, որ Հայաստանի հասցեին քննադատություն է ամրագրված, ինչը, հիշեցնենք, Վեհաժողովից պահանջում էր Միլիցա Մարկովիչը: Զեկույցում հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ այս կառույցները դատապարտում են այն հիմնավորմամբ, որ նրանք չեն համագործակցել Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի պատրաստման աշխատանքներին: Փաստաթղթում, մասնավորապես արձանագրված է. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին նշված թեմայով զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Վեհաժողովն այս պահվածքը համարում է անհամատեղելի անդամ պետության պարտավորությունների և հանձնառությունների հետ: Այնպես որ, վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս և նմանատիպ պահվածքի դատապարտման առումով»:
