Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է շուրջ 30 ՀՀ քաղաքացու
Դեկտեմբերի 25-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է շուրջ 30 ՀՀ քաղաքացու: Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գերատեսչությունում նոր կարդերի ընդունելությանը, կադրային փոփոխություններին, հանրապետության տարբեր համայնքներում հրշեջ-փրկարարական ջոկատների ու հենակետերի բացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Ի պատասխան ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի քաղաքացիների կողմից բարձրացված՝ համայնքում հրշեջ-փրկարարական ջոկատ ունենալու անհրաժեշտության հարցին՝ Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանել է, որ ինչպես Այրումում, այնպես էլ հանրապետության մի շարք այլ համայնքներում հրշեջ ջոկատ ունենալու անհրաժեշտությունն առաջնահերթ խնդիրներից է, և նշել, որ մոտ ապագայում համայնքում հենակետ տեղակայելու հարցը հնարավոր կլինի լուծել: ԱԻ նախարարի պաշտոնակատարը ԱԻ Փրկարար ծառայությանը հանձնարարել է ուսումնասիրել և ընթացք տալ հարցին: Հանդիպման ավարտին քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին ընդունելության և բարձրացված խնդիրների վերաբերյալ տրված պարզաբանումների համար, ինչպես նաև իրենց գոհունակությունը հայտնեցին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911 ծառայության» օպերատորների և փրկարար ծառայողների հետևողական և նվիրված աշխատանքի առնչությամբ: