Ֆեյսբուքյան վիրավորական «քոմենթները»՝ Երևանում դանակահարության և կրակոցների պատճառ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց Էդգար Կուչուկյանի և Յուրի Շաբոյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 17-ին Երևանի Տիգրանյան 16 հասցեում՝ ճամփեզրին, Էդգար Կուչուկյանը «Ֆեյսբուքում» կատարված մեկնաբանությունների շուրջ վիճաբանել է եղբայրներ Մովսես և Յուրի Շաբոյանների ու գործով չպարզված մի խումբ անձանց հետ:
Վիճաբանության ժամանակ Էդգար Կուչուկյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Մովսես Շաբոյանի կրծքավանդակի շրջանին, պատճառել թափանցող վնասվածք, հեմոթորաքս և տուժողի առողջությանը հասցրել է ծանր վնաս:
Յուրի Շաբոյանը, ըստ մեղադրանքի, դեպքից մի քանի օր առաջ՝ հունվարի 13-ին, ապօրինի կերպով ձեռք է բերել 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ:
Վերոհիշյալ միջադեպի ժամանակ՝ հունվարի 17-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Յուրի Շաբոյանը գազային ատրճանակն ապօրինի կրել է իր մոտ և Տիգրանյան-Ադոնց փողոցների խաչմերուկի մոտ առաջացած վիճաբանության, քաշքշուկի ժամանակ, այն բանից հետո, երբ դանակի հարված է ստացել, գոտկատեղից հանել է գազային ատրճանակը ու 3 անգամ օդ է կրակել:
Այդ կրակոցներով եզրափակվել է ֆեյսբուքյան վիրավորական «քոմենթների» պատճառով ծագած պարզաբանողական կռիվը:
25-ամյա Էդգար Կուչուկյանը մեղադրվում է տուժող Մովսես Շաբոյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
22-ամյա Յուրի Շաբոյանը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:
Կալանքի տակ է միայն ամբաստանյալ Կուչուկյանը:
Յուրի Շաբոյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Դատարանի դահլիճը բերնեբերան լի էր ամբաստանյալների ընկերներով:
Նույնիսկ գործով վկաներ էին ներկայացել, ինչը հազվադեպ է լինում նման գործերով հենց առաջին դատական նիստին:
Էդգար Կուչուկյանի ընկերախումբը ուղեկցողների կողմից դատարանի դահլիճ բերված ժպտադեմ Էդգարին դիմավորեց ծափահարություններով և ուրախ բացականչություններով: Ընդհանրապես դահլիճում ներկաների տրամադրությունը բարձր էր, երիտասարդները նստել էին խիտ շարքերով ու ժպտուն դեմքերով: Նույնպիսի դեմքով ամբաստանյալի տեղից նրանց էր նայում Էդգար Կուչուկյանը:
Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:
Էդգար Կուչուկյանը ներկայացավ որպես միջնակարգ կրթությամբ, ֆիզիկապես առողջ երիտասարդ: Նա չհիշեց, որ նախկինում դատված լինի, ասաց. «Էս առաջին անգամն ա, էլի»: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Էդգարը նախկինում դատված է:
մանրամասները`1-in.am-ում:
