Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Ավստրիայում և Գերմանիայում
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Գերմանիայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Շրջագայության ընթացքում ՀՊՖՆ-ն հանդես կգա երեք համերգով և կներկայացնի տարբեր կոմպոզիտորների գործեր:
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա երկու երկրում: Շատ եմ կարևորում այս հյուրախաղերը»,-նշեց Թոփչյանը:
Շրջագայությունը կտևի հոկտեմբերի 4-11-ը: Ավստրիայում նվագախումբը հոկտեմբերի 5-ին և 6-ին կնվագի երկու համերգ: Այնուհետև հոկտեմբերի 10-ին երաժիշտները ելույթ կունենան Գերմանիայի Լյուբեկ քաղաքում:
«Հատկանշական է, որ գերմանական համերգի ընթացքում մենք նվագելու ենք դաշնակահար Անդրեաս Ֆրոյլիխի հետ և ներկայացնելու մեր համատեղ ձայնասկավառակը: Այն ձայնագրել է գերմանական Oehms Classics ընկերությունը: Ձայնասկավառակում ներառված են Մոցարտի գործերը»,-ընդգծեց Էդուարդ Թոփչյանը:
Նա հավելեց, որ նվագախումբը հաջորդ տարի ևս բազմաթիվ հյուրախաղեր է ունենալու տարբեր երկրներում: «Նվագախումբը մեծ աճ է արձանագրել վերջին տարիներին, որը ես կապում եմ ՀՀ նախագահի ուշադրության և մեծ աջակցության հետ»,-հավելեց Թոփչյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գործունեության 90 տարվա ընթացքում ամենուրեք կատարել և տարածել է արևմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաև տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատար մենակատարներ և երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը և այլ հայտնի դիրիժորներ:
Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային կարևոր փառատոների Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, այլուր: Այդ փառատոնների ընթքացքում նվագախմբի հետ ելույթներ են ունեցել միջազգային հեղինակություն վայելող տասնյակ արտիստներ, ինչպիսիք են Ջյուն Անդերսենը (սոպրանո), Ագնես Բալցան (սոպրանո), Քիմ Քաշքաշյանը (ալտ), Կարլ Դեվիսը (դիրիժոր) և այլք: