Գագան, Նիկան ու Այվազը դանակներն առել ու Վրաստանից եկել են Հայաստան՝ ավազակային հարձակման
1in.am-ը գրում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվեց Վրաստանի երեք քաղաքացիների՝ Գագա Կոպալիանիի, Նիկա Ղվալաձեի և Այվազ Իզմաիլովի գործի դատական քննությունը:
24-25 տարեկան ամբաստանյալներից առաջին երկուսը վրացի են, երրորդը՝ եզդի:
Նրանք մեղադրվում են խմբի կազմում նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով շինություն մուտք գործելով ու զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:
Ըստ մեղադրանքի՝ Գագան, Նիկան ու Այվազը նախնական համաձայնության են եկել, ժամանել Հայաստան և 2013 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում դանակներով զինված ներխուժել են Գարեգին Նժդեհի փողոցում գործող համակարգիչների խանութ:
Ավազակները հարձակում են գործել խանութի տիրոջ ու այդ պահին խանութում գտնվող նրա ընկերուհու վրա, դանակների գործադրմամբ տուժողների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել, կպչուն ժապավենով կապկպել նրանց: Հոգեկան ծանր վիճակի մեջ գցելով տուժողներին՝ ավազակները խանութից հափշտակել են դյուրակիր համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ինչպես նաև 20 հազար դրամ ու 2 դոլար: Նրանց հափշտակածի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 694 հազար 807 դրամ:
Ավազակային հարձակմամբ հափշտակած ավարով հանդերձ երեք ավազակները ճամփա են ընկել դեպի Վրաստան, սակայն նրանց անմիջապես հետապնդել ու օպերատիվ կերպով բռնել են հենց Հայաստանի տարածքում: Հափշտակված գույքն առգրավվել է, ապա ի պահ է հանձնվել տուժողներին, իսկ հարևան հանրապետությունից եկած «անհաջողակ գաստրոլյորներն» էլ ձերբակալվել են:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
