Գագիկ Խաչատրյան VS Հովիկ Աբրահամյան
«Հանձնարարում եմ տնտեսության ոլորտի բոլոր գերատեսչություններին՝ հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները»,- նախօրեին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկին:
«Կիսամյակի տնտեսական արդյունքներ» ասելով` վարչապետը նկատի ուներ 4.4 տոկոս տնտեսական աճը, որ այդ նույն օրը արձանագրել էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Այսինքն, գերատեսչությունների ղեկավարները, ըստ Հովիկ Աբրահամյանի, հանրության պետք է ներկայացնեին լավատեսական արդյունքներ տնտեսական աճի մասին: Հանձնարարությունը առաջինը կատարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որը երեկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խոսում էր բյուջեի կատարողականի մասին:
Գագիկ Խաչատրյանի հայտարարությունները, սակայն, մեղմ ասած` համահունչ չէին Հովիկ Աբրահամյանի լավատեսությանը: Ավելին` դրանք խիստ հոռետեսական էին: «Երբ մենք անդամագրվեցինք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), մեզ համար անորոշությունները շատ-շատ էին, հիմա էլ շատ են, այնքան, որ չենք կարող կանխատեսել, թե հաջորդ օրը ինչ տնտեսական վիճակի մեջ կհայտնվենք: Բյուջեի կատարողականի տեսանկյունից եւ առկա իրողություններից պոզիտիվ սիգնալներ մեզ չեն գալիս: Անկախ վիճակագրական տվյալներից, տնտեսության ճյուղերի զարգացումները մտահոգիչ են: Հարկային կատարողականը առաջին եռամսյակի համար առաջանցիկ է, բայց դա շատ չի ոգեւորում: Սահմանին ԱԱՀ ենք կորցնում, մաքսատուրքերը չեն կոմպենսացվում, գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք»,- նիստի ժամանակ, ըստ 168.am-ի` ասել է Գագիկ Խաչատրյանը:
Այս ինչե՞ր է ասում ՀՀ ֆինանսների նախարարը: Ասում է` տնտեսության «գրեթե բոլոր ճյուղերում անկում ունե՞նք»: Բա ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երկուշաբթի հրապարակել էր այնպիսի ցուցանիշներ, որտեղ անկումներ գրեթե չկան: Հենց այդ ցուցանիշների վրա հղում անելով էր վարչապետը լավատեսական հայտարարություններ անում Հայաստանի տնտեսության ավելի քան 4 տոկոս աճի մասին: Ախր պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է, որ արդյունաբերությունում 4.1 տոկոս աճ կա, գյուղատնտեսությունում 14.8 տոկոս է աճը, ծառայությունները աճել են 2.4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ է աճել` 1.9 տոկոսով, նույնիսկ շինարարությունը, որ վերջին տարիներին անընդմեջ նվազում էր, էլի աճ է արձանագրել` քիչ, բայց աճ` 0.4 տոկոս:
Միակ ոլորտը, որտեղ պաշտոնական վիճակագիրները նվազում են արձանագրել, առեւտուրն է` 4.7 տոկոսով: Գագիկ Խաչատրյանը, իհարկե, ծանոթ է այս ցուցանիշներին, եւ իր խոսքում էլ կա մի ուշագրավ, չափազանց ուշագրավ արտահայտություն` «Անկախ վիճակագրական տվյալներից, տնտեսության ճյուղերի զարգացումները մտահոգիչ են... գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք»: Ի՞նչ է նշանակում` «անկախ վիճակագրական տվյալներից...»: Դա նշանակում է, որ վիճակագրական տվյալները չեն արտացոլում իրական վիճակը: Այլ կերպ ասած, պաշտոնական վիճակագրությունը ոչ այնքան հավաստի տվյալներ է հրապարակել: Դրանք այնքան էլ արժանահավատ չեն: Դրանք մի քիչ չափազանցված են: Մի խոսքով, ԱՎԾ-ն կեղծ տվյալներ է հրապարակել:
ՀՀ ֆինանսների նախարարը լավատես չէ նաեւ տնտեսության ապագայի առումով: « ... մենք անհանգստացած ենք հետագա ամիսների համար»,- հայտարարել է Գագիկ Խաչատրյանը: Վերջինս անգամ ակնարկել է սեկվեստորի մասին: «Հիմա ԵՏՄ բոլոր երկրներում սեկվեստոր է իրականացվել: Դա մեզ էլ է առաջակում ԱՄՀ-ն, բայց մերժել ենք: Անորոշությունները շատ-շատ են, չգիտենք՝ ո՞ր ուղղությամբ կզարգանա տնտեսությունը»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ֆինանսների նախարարը: Այսինքն, վիճակը այնքան վատ է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը առաջարկել է կառավարությանը կրճատել բյուջեի ծախսերը: Տնտեսական ավելի քան 4 տոկոս աճի պայմաններում սեկվեստո՞ր: Կա՞ պատմության մեջ եւս մի դեպք, երբ որեւէ երկրի կառավարություն տնտեսական 4 տոկոս աճի պայմաններում կանգնում է բյուջեի սեկվեստոր իրականացնելու հավանականության առաջ:
Իսկ ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ կառավարությունը չգիտի, թե ինչ պետք է անի: Դեռ չի որոշել: Եվ այդ մասին եւս երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը. «Կառավարությունում հարց ենք բարձրացրել, թե ինչ ուղղությամբ պետք է գնանք՝ խնայողությո՞ւն, պահանջակի ավելացո՞ւմ… ամեն օր քննարկումներ են կատարվում»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:
մանրամասն՝ armintes.com-ում:
