Գասպարին դուրս է եկել խցից և պառկել միջանցքի հատակին. ԱՆ պարզաբանումը
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցածի մասին, որը ներկայացվում է ստորև։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համացանցում դեռևս ակտիվորեն շարունակվում են շրջանառվել Վ. Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ հրապարակումները, քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում ևս մեկ անգամ անդրադառնալ իրականացված ուսումնասիրության արդյունքներին:
Այսպես՝ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ-ին և տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբևէ չի եղել:
22.02.2016թ-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց և ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել և պահանջել է չշփվել իր հետ: Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին և ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները և հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ և ջրադուլ:
Հաջորդ օրը՝ 23.02.2016թ., Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 9 կարանտինային խուց: Խուց մտնելուց հետո Վ. Գասպարին այստեղ ևս պառկել է գետնին, չի ցանկացել շփվել խցակիցների հետ, հրաժարվել է գետնից վեր կենալ և պառկել մահճակալին:
Նույն օրը՝ ժամը 00-00:30-ի սահմաններում, նշված խուց են տեղափոխել այլ կալանավորված անձի, և երբ խցի դուռը բացվել է, Վ. Գասպարին անմիջապես խցից դուրս է եկել` հրաժարվելով վերադառնալ խուց, այնուհետև հայտարարել է, որ չի ցանկանում մտնել խուց, քանի որ խցակիցներն իրեն հորդորում են սնունդ ընդունել, պառկել մահճակալին, հարվածում են իրեն, և պառկել է միջանցքի գետնին:
